Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ 24 ժամ տևած մարտերի ընթացքում Արցախի ինքնապաշտպանական ուժերը շարքից հանել են ավելի քան 700 ադրբեջանցի զինվորականի։
Առանց դիմադրության և «կրակոցների» մեկ օրվա ընթացքում հակառակորդը չէր կրի նման քանակի կորուստներ։
Մեկ օրվա կտրվածքով հակառակորդը երբեք այսքան մեծաքանակ կորուստներ չի ունեցել ո՛չ 2020-ի պատերազմում, ո՛չ 2022-ի աշնանը Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ։
Եթե, օրինակ, վերցնենք 2020-ին Շուշիի գրավման ադրբեջանական գործողությունը, ապա հակառակորդը պաշտոնապես ընդունել է, որ այդ գործողության ընթացքում մոտ 385 զոհ է տվել։ Բայց այս բոլոր կորուստներն ընդգրկում են նաև Սղնախի, Քարին տակի և Շոշի մարտերը և դրանք տևել են հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի 10-ը։
Բացի այդ, հակառակորդին հայտնի էին հաղորդակցության գրեթե բոլոր ուղիները, հակաօդային պաշտպանության և հրետանու տեղակայման դիրքերը, կապի գծերն ու միջոցները, բանակում մարտական անձնակազմի քանակը, այդ թվում՝ մարտական դիրքերում, ինչպես նաև զենքի տեսակներն ու քանակը։
Նման պայմաններում, հակառակորդին տեխնիկապես և թվով զիջող (գումարած 2020-ի պատերազմից հետո վերջին երեք տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ բացասական գործոնները), հայ զինվորները մտան մարտի մեջ։
Ամենակարևորը՝ Արցախի բարոյահոգեբանորեն ճնշված բնակչությունն ամբողջությամբ կորցրել էր սեփական ուժերի նկատմամբ հավատը և Հայաստանից ռազմական օգնության հույսը։
Ամփոփելով, անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ մեկօրյա պատերազմը ճիշտ չէ դիտարկել միայն ըստ հետևանքների, որն էր կապիտուլյացիան և էթնիկ զտումը։ Չնայած ուժերի խիստ անհավասարությանը՝ Ադրբեջանը բախվել է կոշտ դիմադրության և ծանր գին է վճարել։ Հակառակորդը կիրառել է իր բանակի էլիտան և տվել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի զոհերի և վիրավորների թվին համադրելի կորուստներ։
Արցախի վերջին կռիվը պետք է ուսումնասիվի և իր արժանի տեղը զբաղեցնի մեր ռազմական պատմության մեջ։ Ցանկացած մանիպուլյացիա այս թեմայով, մեղմ ասած, տեղին չէ և վիրավորանք է այն մարդկանց հասցեին, որոնք անհույս իրավիճակում կռվել և իրենց կյանքն են տվել։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Հ․Գ․
Առավել հանգամանալից՝
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ ՝ Էդուարդ Առաքելյանի «Արցախյան մեկօրյա պատերազմը. թվեր ու փաստեր՝ ընդդեմ կեղծիքի» հրապարակման մեջ։
Հղումը՝
https://www.civilnet.am/news/806763/